Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Պատերազմ` առանց պատերազմ հայտարարելու

Պատերազմ` առանց պատերազմ հայտարարելու
08.12.2017 | 06:00

«Ռոսնեֆտն» ու «Բաշնեֆտը» Բաշկիրիայի Արբիտրաժային դատարան հայց են ներկայացրել «Սիստեմայի» դեմ` պահանջելով 131,6 միլիարդ ռուբլի (2,2 միլիարդ դոլար) վնասի փոխհատուցում: Ամռանը Իգոր Սեչինի գլխավորած «Ռոսնեֆտը» արդեն Վլադիմիր Եվտուշենկովի «Սիստեմայից» 136,3 միլիարդ ռուբլի (2,3 միլիարդ դոլար) էր ստացել` 170,6 միլիարդ ռուբլու փոխհատուցման հայցով: «Նոր հայցի գումարը համապատասխանում է դիվիդենդներին, որ պատասխանողը հանել է «Բաշնեֆտից» 2009-2014-ին իր օգտին` չհաշված վճարած հարկերը»` նշված է ընկերության կայքում: 131 միլիարդ ռուբլու հայցը «վախեցնելու ակցիա է»` հայտարարել է РБК-ին «Սիստեմայի» հիմնական համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը:

Ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կոպիտովը ասել է, որ ընկերությունը դեռ չի ստացել «Ռոսնեֆտի» հայցը և չի կարող մեկնաբանել: Բաշկիրիայի դատարանում էլ դեռ հայցը չեն տեսել` գրում է «Ведомости»-ն: «Սիստեմայի» բաժնետոմսերը հայցի մասին տեղեկությունից հետո 15 %-ի անկում են ունեցել: «Ռոսնեֆտի» մամլո քարտուղար Միխայիլ Լեոնտևը ճշտել է, որ հավակնությունները վերաբերում են «այսպես կոչված դիվիդենդներին` միջոցներին, որ հանվել են դիվիդենդների անվան տակ»: Իր նախկին բաժնետեր «Սիստեմային» «Բաշնեֆտի» վճարների չհիմնավորվածության եզրակացությունը «Ռոսնեֆտում» արել են «լեգալ հաշվետվության հիմքով»: «Այնտեղ որոշ տարիներ դիվիդենդները կազմում են 150 % ըստ МСФО-ի: Իսկ միջինը բոլոր այս տարիներին 70 %-ից ավելին է եղել»` բացատրել է Միխայիլ Լեոնտևը: «Երբ դուք ունեք աշխատող ընկերություն, արտադրական ակտիվ, այլ ոչ կառույց, որ ուզում եք թալանել ու դեն նետել, դուք այդպիսի դիվիդենդներ չեք հանի այնտեղից,- շարունակում է նա:- Այդ ամենը հանգեցրել է վերանորոգումների բոլոր նորմատիվների խախտման, վթարների, սարքերի մաշվածության: Բազմամիլիարդ ներդրումներ են պահանջվել այդ հետևանքները վերացնելու համար»: Լեոնտևը հիշեցրեց, որ օգոստոսին Բաշկիրիայի արբիտրաժային դատարանը «Սիստեմայից» հօգուտ «Ռոսնեֆտի» գանձել է 136,3 միլիարդ ռուբլի: «Դատարանը «Սիստեմային» ճանաչեց ոչբարեխիղճ բաժնետեր (դա դատարանի ձևակերպումն է), որ անօրինական տիրելով բաժնետմոսերին` գիտակցված վնաս է հասցրել «Բաշնեֆտ» ընկերությանը: Ի՞նչ դիվիդենդներ: Որտեղի՞ց: Մենք կարծում ենք, որ դրանք դիվիդենդներ չեն, այլ միջոցները դուրս բերելու ձև: Այդպիսին էր և «Բաշնեֆտի» վերակազմավորումը»` ասում է նա:


Օգոստոսի 23-ին Բաշկիրիայի արբիտրաժային դատարանը 136,3 միլիարդ ռուբլի գանձելու որոշում կայացրեց «Սիստեմայից» հօգուտ «Բաշնեֆտի»: Նավթային ընկերությունը պահանջում էր 170,6 միլիարդ ռուբլի (2,88 միլիարդ դոլար): Սա ժամանակակից Ռուսաստանի ամենամեծ կորպորատիվ կոնֆլիկտներից է: «Ռոսնեֆտի» բողոքները կապված են «Բաշնեֆտ» ընկերության սեփականության վերակազմավորման հետ, որը 2009-2014-ին պատկանում էր Վլադիմիր Եվտուշենկովի «Սիստեմա» հոլդինգին: 2016-ի նոյեմբերից «Բաշնեֆտը» «Ռոսնեֆտի» սեփականությունն է: «Ռոսնեֆտում» վստահ են, որ 2014-ին վերակազմավորման հետևանքով «Բաշնեֆտը» կորցրել է 106,6 միլիարդ ռուբլի, իսկ տարադրամի կուրսի փոփոխությունները հաշվի առնելով` 170,6 միլիարդ ռուբլի: «Սիստեման» բազմիցս հերքել է մեղադրանքները` որակելով անհեթեթ:
Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր, որ հույս ունի «Ռոսնեֆտի» ու «Սիստեմայի» հաշտության: «Դա օգտակար կլինի և երկու ընկերություններին, և ռուսական տնտեսությանը»` ասաց Վլադիմիր Պուտինը: «Սիստեմայի» ղեկավարությունը ամբողջ կոնֆլիկտի ընթացքում հայտարարում էր, որ պատրաստ է հաշտության համաձայնագիր կնքել «Ռոսնեֆտի» հետ: Սեչինն ի պատասխան ասում էր, որ «Սիստեմայի» առաջարկները կոնկրետ չէին:


«Սիստեման» վիճարկեց դատարանի օգոստոսյան վճիռը և «Ռոսնեֆտին» չվճարեց 136,3 միլիարդ ռուբլի, որից հետո Լեոնտևը բողոքարկման փաստը անվանեց հաշտության համաձայնագրից հրաժարում: «Երբ մենք հաշտության համաձայնագրի առաջարկ էինք անում, հրապարակավ էինք գործում: Դա գլխավոր գործադիր տնօրենն արեց: Սեչինը մանրամասն ընթերցեց դատարանի որոշման հիմնավորման մասը, որ հասկանալի լինի` մենք հետագա պահանջների օրինական իրավունք ունենք: Դա խաղաղ պահանջ էր: Բայց 3 ամիս է անցել»` պատմում էր Լեոնտևը: Հոկտեմբերի սկզբին Եվտուշենկովն ասում էր, որ իր ընկերությունը չի սկսել «Ռոսնեֆտի» հետ հաշտության բանակցություններ: «Ոչ, բայց ծրագրում ենք»` ասում էր նա լրագրողներին: Հարցին` վերջին 3 ամիսներին իրավիճակի կարգավորման բանակցություններ եղե՞լ են` «Սիստեմայի» ներկայացուցիչ Կոպիտովը պատասխանեց. «Ոչ մի բանակցություն «Ռոսնեֆտի» ու «Սիստեմայի» միջև չի եղել, եղել է միայն հայցվորի ուլտիմատում-պահանջ վճարել ամբողջ գումարը, որ դժվար է անվանել կառուցողական դիրքորոշում և հաշտության համաձայնագրի պատրաստակամություն»: «Մենք դեռ իրավաբանների հետ կձևակերպենք մեր դիրքորոշումը: Մեզ մոտ ինչպես միշտ` պատերազմ է` առանց պատերազմ հայտարարելու,-ասում է «Սիստեմայի» ներկայացուցիչը:- Ակնհայտ է, որ ներկայացնելով չհիմնավորված բազմամիլիարդանոց հայց` «Ռոսնեֆտը» պարզապես փորձում է փոխհատուցել «Բաշնեֆտի» վրա իր ծախսերը, այսինքն` փաստացի` անվճար ակտիվ ստանալ «Սիստեմայի» հաշվին»: «Կրեմլը չի խառնվելու կոնֆլիկտին»` հայտարարեց ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով «Ռոսնեֆտի» նոր հայցը: «Ես տեղյակ չեմ նոր հայցի մանրամասներին, բոլոր դեպքերում դա արբիտրաժային քննության հարց է»` ասաց նա:
Ելիզավետա ՖՈԽՏ, BBC


Հ.Գ. Ինչու՞ է Իգոր Սեչինը որոշել սնանկացնել Եվգենի Եվտուշենկովին: Հայց հայցի հետևից ներկայացնելը իրավակա՞ն, թե՞ անձնական հարթության հարց է: Գուցե Սեչինը «տեղում» փորձում է փոխհատուցել ծախսերը կամ չստացված շահույթները Իդլիբի հետ կնքված պայմանագրից Քիրկուկի նավթահանքերի վերաբերյալ, որ անցան Իրաքի տնօրինությանը: Բոլոր դեպքերում` չմտահոգվեք «Սիստեմայի» տնօրեններից մեկի` Ռոբերտ Քոչարյանի մասին, նրա «ակտիվները» վաղուց Ռուսաստանում չեն: Առավելագույնը` առանց աշխատանքի կմնա, բայց ե՞րբ էր աշխատում: Շեն մնա ԱՄՆ-ը: Տուն էլ կա, փող էլ կա: Որդիների բիզնեսն էլ Հայաստանում կա ու կա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ